ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Քլինթոնը մասնակցել է համընդհանուր իրավունքներին նվիրված մրցանակների հանձնման արարողությանը (ֆոտոշարք)

Քլինթոնը մասնակցել է համընդհանուր իրավունքներին նվիրված մրցանակների հանձնման արարողությանը (ֆոտոշարք)
04.06.2012 | 08:26

Այսօր Երևան է ժամանել ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնը։ «Զվարթնոց» օդանավակայանում ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյային դիմավորել է ՀՀ արտգործնախարար Էդուարդ Նալբանդյանը: Դիմավորողների թվում էր նաև ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը: ԱՄՆ-ի պետքարտուղարն այսօր ներկա է գտնվել ԱՄՆ-ի դեսպանության, «Քաունթերփարթ ինթերնեյշնլ» կազմակերպության, Մեծ Բրիտանիայի դեսպանության, ԵԱՀԿ և ԵՄ գրասենյակների կողմից կազմակերպված համընդհանուր իրավունքներին նվիրված մրցանակների հանձնման արարողությանը, որով մեծարվում էին այն անհատները, ովքեր հանդես են գալիս Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության, հաշվետու կառավարման ու ազատ խոսքի խթանման դիրքերից: Պետքարտուղար Քլինթոնն իր խոսքը հղեց միջոցառման մասնակիցներին և առանձին հանդիպում ունեցավ մրցանակներ ստացած անձանց հետ: Համընդհանուր իրավունքներին նվիրված մրցանակների հանձնման այս միջոցառումը միջազգային կառույցների առաջին համատեղ նախաձեռնությունն էր` ուղղված Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության ասպարեզում քաղաքացիական ակտիվիստների, պետական պաշտոնյաների ու ԶԼՄ ներկայացուցիչների ներդրումների ներկայացմանը: Միջոցառմանը ներկա էին ՀՀ պետական պաշտոնյաներ, օտարերկրյա դիվանագետներ, ՀԿ-ների և ԶԼՄ-ների ներկայացուցիչներ: Միջոցառումը բացեց ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան գրասենյակի տնօրեն Ջաթինդեր Չիման` Արթուր Սաքունցին հանձնելով «Ազատության պաշտպանի» մրցանակը: «Քաունթերփարթ ինթերնեյշնլ» կազմակերպության ղեկավար Ալեքս Սարդարը զինվորական բարեփոխումներին ուղղված աշխատանքների համար «Խիզախ կին» մրցանակը հանձնեց Ծովինար Նազարյանին: Ոստիկանության բարեփոխումներում, հատկապես` ոստիկանության կրթական համակարգի դրական տեղաշարժերում ունեցած դերակատարման համար մրցանակ հանձնվեց փոխոստիկանապետ գեներալ-մայոր Արթուր Օսիկյանին: Մրցանակը Ա. Օսիկյանին հանձնեց Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջոնաթան Էյվզը։ ԶԼՄ-ների գերազանցության մրցանակին արժանացավ Epress.am-ը։ Հայաստանում բնության պահպանությանն ուղղված քարոզչության համար մրցանակ ստացան բնապահպան-ակտիվիստներ Ապրես Զոհրաբյանը, Եղիա Ներսիսյանը, Գոռ Հակոբյանը, Մարի Խաչատրյանը և Ռուզաննա Գրիգորյանը։ Հայաստանյան այցի ընթացքում Քլինթոնը կհանդիպի նախագահ Սերժ Սարգսյանի, բարձրաստիճան այլ պաշտոնյաների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: Ակնկալվում է, որ ԱՄՆ-ի պետքարտուղարը ՀՀ ղեկավարության հետ կքննարկի տարածաշրջանային անվտանգությանը, ժողովրդավարությանը, տնտեսական զարգացմանն ու ահաբեկչության դեմ պայքարի մասին հարցեր: Հայաստանից ԱՄՆ-ի պետքարտուղարը կմեկնի Վրաստան, իսկ հունիսի 6-ին՝ Ադրբեջան: Հիլարի Քլինթոնի՝ տարածաշրջանային այցի վերջին կանգառը Թուրքիան է։ Հունիսի 7-ին Ստամբուլում նա կմասնակցի ահաբեկչության դեմ պայքարին նվիրված համաժողովին։ ԱՄՆ պետքարտուղարը Թուրքիայում կհանդիպի թուրք բարձրաստիճան պաշտոնյաների հետ և կքննարկի Սիրիայի, Իրանի խնդիրները:

Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Ֆոտոշարքը՝ panarmenian.net-ի

Լուսանկարներ

. .
  • Հիլարի Քլինթոն1
  • Հիլարի Քլինթոն2
  • Հիլարի Քլինթոն3
  • Հիլարի Քլինթոն4
  • Հիլարի Քլինթոն5

Տեսանյութ

Հիլըրի Քլինթոնի այցը Երևան (տեսանյութը՝ «Ազատություն ռադիոկայան»-ի )
Դիտվել է՝ 6119

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ